Եվրոպական իշխանությունները ծրագրում են տուգանել ինտերնետ-ընկերություններին, այդ թվում ՝Google-ին, Twitterին և Facebook-ին, եթե նրանք մեկ ժամվա ընթացքում չհեռացնեն ծայրահեղական բովանդակությամբ նյութերն իրենց կոնտենտից։ Այս մասին գրում է AP-ն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան կլոդ Յունկերը հայտարարել է, որ իրենք առաջարկում են ԵՄ անվտանգության ապահովմանն ուղղված նոր կանոններ։ Նյութի հեռացման համար հատկացվող ժամանակը կարևոր է բացասական տեղեկատվությունը տարածելու «կրիտիկական ժամանակահատվածի» հաղթահարման տեսանկյունից։
«Քարոզչությունը, որը պատրաստում, դրդում կամ փառաբանում է ահաբեկչությունը, պետք է հեռացվի»,- ասվում է ԵՀ ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Այս առաջարկը դեռևս պետք է հավանության արժանանա Եվրախորհրդարանի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների կողմից։ Սակայն այն կարող է ելակետ լինել ԵՄ-ի համար, որը մինչ այժմ թույլ էր տալիս ինտերնետ-ընկերություններին մշակել ծայրահեղական նյութերի դեմ պայքարի սեփական մոտեցումները։
Նշված պահանջները խախտող ընկերությունները կտուգանվեն իրենց տարեկան շրջանառության 4%-ի չափով։
«Մենք կիսում ենք ահաբեկիչների գործունեությանն արագ արձագանքելու Եվրահանձնաժողովի ցանկությունը», - նշել են Google-ում։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս պահանջների չբավարարման դեպքում Google-ի տուգանքը կկազմի մոտ 4,4 միլիարդ դոլար։




























