Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները ձգտում են խուսափել Եմենի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին շարունակել աջակցել տարածաշրջանում իր դաշնակից Սաուդյան Արաբիայի ջանքերին: Այդ մասին Կոնգրեսին ուղղված իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
«Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ակտիվ քայլեր են ձեռնարկում` Եմենում ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիներին եւ ենթակառուցվածքների վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար»:
ԱՄՆ օրենսդիրները, որոնք մտահոգված են Եմենում աճող հումանիտար ճգնաժամով, այս տարի պաշտպանական ծախսերի մասին օրինագծի քննարկման ժամանակ, պետքարտուղարից հետաքրքրվել են, թե ինչ միջոցներ են ձեռնարկում Ռիադի եւ Աբու Դաբիի իշխանությունները քաղաքացիական զոհերի թիվը նվազեցնելու եւ նրանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հաստատել է Պոմպեոյի խոսքերը, ասելով. «Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ամեն ինչ անում են Եմենում ռազմական գործողությունների արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը եւ ենթակառուցվածքի վնասը նվազեցնելու համար»:
Պենտագոնը կարծում է, որ իր աջակցությունը, որը ներառում է կոալիցիոն զորքերի ինքնաթիռների լրացուցիչ լիցքավորումը եւ ուսուցումը, օգնում է նվազեցնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը:
Գործակալությունը հիշեցնում է, որ աշխարհի շատ իրավապաշտպաններ կարծում են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող օդային հարվածները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում ծանր կորուստների, այդ թվում, ռազմական հանցագործությունների արդյունքում:




























