ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի ընտրություններում արտասահմանցիների միջամտության համար պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հայտնել են լրագրողներին, թե հրամանագիրն ապացույցն է այն բանի, որ նախագահի համար ընտրությունների անվտանգության ապահովումն առաջնային խնդիր է։ Բոլթոնի խոսքերով՝ այս հրամանագիրը կօգնի դիմակայել ապատեղեկատվություն տարածող ընկերություններին կամ ընտրության արդյունքները խեղաթյուրողներին։

Քոութսը նշել է, որ այժմ ԱՄՆ-ը չի տեսնում ռուսական այնպիսի ակտիվ միջամտություն, ինչպես դա տեղի էր ունենում 2016թ․, սակայն նա չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ ապագայում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի կիբեռգործունեությունից։