Երեւանի առեւտրի կենտրոններում պայմանները պետք է ավելի քաղաքակիրթ դարձնել, 21-րդ դարի պահանջներին համապատասխան: Այս մասին «Փեթակ» եւ «Սուրմալու» հայտնի առեւտրի կենտրոններ այցի ընթացքում ասել է ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցությունից ավագանու խորհրդի թեկնածու Ազատուհի Սիմոնյանը:

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք որոշել են մտնել այդ առեւտրի կենտրոններ` ավելի լավ հասկանալու համար ինչ խնդիրներ ունեն վաճառողները եւ գնորդները եւ դրանցից որոնք կարող է լուծել ավագանու խորհուրդը:

Քանի որ Ազատուհի Սիմոնյանը, իր խոսքով, հաճախ է գնումներ կատարում այս կենտրոններից, անձամբ է ծանոթ խնդիրների մեծ մասին: Վաճառողների հետ զրույցում հաստատվեց, որ խնդիրներ իսկապես կան. նախ օդափոխման համակարգը «Փեթակ»-ում վատ է աշխատում, ամռանը մարդիկ տառապում են շոգից, ձմռանը՝ ցրտից:

Բացի այդ, կային խնդիրներ, որոնց մասին ավագանու խորհրդի թեկնածուները չգիտեին. օրինակ, առեւտրի կենտրոնում զուգարանը վճարովի է նույնիսկ աշխատողների համար: Բացի այդ, «Փեթակ»-ի տարածքում ծխում են,  ինչը շփոթեցնում է բազմաթիվ այցելուների:

«Այստեղ պայմանները միջինից ցածր են», - նշել է Ազատուհի Սիմոնյանը: «Շինության արտաքին տեսքը, ինտերիերը, օդափոխության համակարգը, մաքրությունը, ավտոկայանատեղին խնդրահարույց... Պետք է մտածենք սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման մասին, քանի որ այստեղ նաեւ սննդամթերք են վաճառում»:

Ըստ Ազատուհի Սիմոնյանի խոսքով, նման առեւտրի կենտրոնների պայմանները պետք է ավելի քաղաքակիրթ դարձնել:

«Խոսքը ոչ թե էլիտար առեւտրի կենտրոններ ունենալու մասին է, այլ միջին որակի առեւտրի կենտրոններ ստեղծելու, որպեսզի նորմալ պայմաններ լինեն ինչպես վաճառողների, այնպես էլ քաղաքացիների համար, որպեսզի բոլորին հարմարավետ լինի:

Խոսքը  եւ ջեռուցման համակարգի մասին է, եւ ներսում մաքրության, եւ այլն: Մենք կարծում ենք, որ մասնավոր ոլորտը եւ քաղաքային իշխանությունները պետք է համագործակցեն նույնիսկ այդպիսի շենքերի վերանորոգման հարցում, ի վերջո երեւանցիները օգտվում են այս կենտրոններից, անկախ նրանից, այն մասնավոր սեփականություն են, թե ոչ»: