Մենք այսօր ապրում ենք շատ պատմական շրջանում, քանի որ ընդամենը մի քանի օր անց ներկա ենք լինելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների։ Դա հնարավոր դարձավ միայն ձեր շնորհիվ, հնարավոր դարձավ այն հեղափոխության շնորհիվ, որն արել է ամբողջ հայ ժողովուրդը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հայկ Մարությանը:

«Հարգելիներս, այսօր կան մարդիկ, որոնք մտածում են, թե կարող են մեր ժողովրդից խլել այս հաղթանակը։ Ձեր կողմից, մեր թիմի կողմից, ամբողջ հայ ժողովրդի կողմից ասում եմ՝ չեք կարող, թույլ չենք տա։ Այո՛, այս հարցում մենք միասնական ենք, այս հաղթանակը մեր երեխաներինն ու ամբողջ հայությանն է»,- ասաց նա։

Մարությանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքը ստեղծվել է որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն, որը գնում է առաջ՝ ներկայացնելով իր թեկնածուներին։

««Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների մեջ մարդիկ են, որոնք տասնամյակներ շարունակ ձեզ հետ միասին պայքարել են, նրանք նաև պրոֆեսիոնալներ են, որոնք բոլորն ապրում են ու ապրելու են Երևանի հոգսերով ու ապագայով»,- ասաց Մարությանը։

Հայկ Մարությանը նշեց Երևանի զարգացման իրենց ծրագրի 50 կետից ամենաէականները՝ ուղիղ ժողովրդավարությամբ կառավարում, մետրոյի եւս մեկ կայարան, մրցակցային աղաբահանություն, վերելակների բարելավում եւ այլն: