Կարծում եմ, որ հասարակությունը գիտակցում է՝ եթե մենք օգտագործեցինք այս գաղտնալսման արգասիքը, բացելու ենք պանդորայի արկղը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Նա պարզաբանեց, որ լուծման ձեւավորված բանաձեւեր կան, ասենք՝ խոշտանգումների կանխարգելման նպատակով: «Բացարձակապես անթույլատրելի է խոշտանգմամբ ձեռք բերված ցանկացած ապացույցի օգտագործումը, ինչպիսի կշիռ էլ այն ունենա: Եթե չի կարելի օգտագործել, չի օգտագործվում, ոչնչանում է այդ ապացույցը՝ պահանջարկը վերացնելու նպատակով, որպեսզի չծնվի առաջարկ»,-ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի դիտարկմամբ՝ միջամտություն է տեղի ունեցել հաղորդակցության, հեռախոսային խոսակցությունների եւ անձնական կյանքի հարգանքի իրավունքին. «Սա չափազանց վտանգավոր բան է»:

Նրա համոզմամբ, եթե արդյունքում անգամ պարզվի, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը, ունենում ենք կարեւոր սկզբունքների հակադրություն, եւ պետք է գնահատել՝ որին տալ նախապատվությունը, որպեսզի հետագայում տեղի չունենան նմանատիպ խախտումներ: «Բավական բարդ որոշման առջեւ ենք»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Նախարարի համար մտահոգիչ է, որ գաղտնալսումը իրականացրել են ուժեր, որոնք պետության չափ հնարավորություններ ունեն. միայն պետությունը կարող է իրականացնել գաղտնալսում:

«Այդքան ռեսուրսներ, տեխնիկական հնարավորություներ ունեն, եւ դա մեր երկրում զուգահեռ կառույց է, չափազանց վտանգավոր է: Եթե մենք դրա տված արտադրանքը սպառեցինք, մշտապես արտադրանք է տալու»,- ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն եւ ողջախոհության կոչ արեց: