Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքում, խիստ քննադատության ենթարկեց հայ-թուրքական նախստորագրված արձանագրությունները:
Նրա խոսքերով՝ Հայաստանի ընդդիմությունը հայ-թուրքական հարաբերությունների համոզված կողմնակիցն է, սակայն դա չպետք է լինի ազգային արժանապատվության հաշվին: Դեմիրճյանը անթույլատրելի համարեց 1915թ. դեպքերի ուսումնասիրման երկկողմ ենթահանձնաժողովի ստեղծումը, քանի որ ցանկացած հարց թաղելու լավագույն լավագույն հնարավորությունը ինչ-որ հանձնաժողովի ստեղծումն է: «Դա հերթական անգամ ապացուցեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը փորձեց թաղել հետընտրական իրադարձությունների ժամանակ հանցագործություն կատարած անձանց բացահայտման գործը: Նույնը սպասվում է հայոց Ցեղասպանության հարցին, էլ չասած այն մասին, որ ամեն ինչ տանում է ցեղաասպանության փաստի միջազգային ճանաչման դադարեցմանը»,- հայտարարեց Դեմիրճյանը: Նա նաեւ ընդգծեց, որ «սահմանների բացումը դրականորեն չի ազդի երկրի կյանքի վրա, քանի դեռ չի կործանվել երկրի քրեա-օլիգարխիկ համակարգը»:




























