Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանրահավաքում: Նրա խոսքերով, Հայաստանն, ըստ այդմ, մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական դերակատարության։

Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ հայ–թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու եւ այն սակարկության առարկա դարձնելու հարցում։ Ուստի ո՛չ մեկնելով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ",- նշել է Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ մեկնաբանել է Հայաստանի նախագահի հայտարարությունը, թե Թուրքիա կմեկնի միայն մեկ դեպքում, եթե մինչ այդ սահմանը բացված լինի: «Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում։ Առաջին, որ, այսպես կոչված, „Ճանապարհային քարտեզը“ ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը։ Եւ երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով։ Այնուամենայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաեւ այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին։ Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ „շեմ“ բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ»,- հավելել է ընդդիմադիր առաջնորդը:

Այս պահին հարկ եմ համարում շեշտել միայն հետեւյալը. նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ արտահայտված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք",- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։