Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի միջանցքում պատահաբար մտել է Ռուսաստանի պատվիրակության բանակցային սենյակ, հայտնում է «Կոմերսանտը»:

Պորոշենկոն գնում էր խաղաղապահությանը նվիրված հանդիպմանը, սակայն դռները շփոթել է եւ հայտնվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցային նախասենյակ: Ռուս նախարարը Պորոշենկոյի հայտնվելը մեկնաբանելով՝ ասել է. «Հավանաբար զուգարանի տեղն է շփոթել», փոխանցում է Meduza-ն:

Ուկրաինայի նախագահը սենյակում է անցկացրել մոտ 15 վայրկյան, հետո դուրս է եկել եւ ուղղվել նիստերի դահլիճ, հայտնում է ՌԲԿ-ն: Ճանապարհին նրան է դիմել ռուս լրագրողը՝ հարցնելով Դոնբասում խաղաղապահների մասին: Ուկրաինայի առաջնորդը հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով. «Դուք ֆեյքնյուս եք»:

ՏԱՍՍ-ը ներկայացնում տեղի ունեցածի այլ տարբերակ. Ուկրաինայի նախագահը նախ հանդիպել է ռուս լրագրողներին, հրաժարվել է պատասխանել նրանց հարցերին եւ «արագաքայլ հեռանալիս շփոթել է դռները ու պատահաբար մտել ՌԴ պատվիրակության հանդիպումների սենյակ»:

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ն պնդում է, որ երբ Պորոշենկոյին հանդիպել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրողները, նա «տեմպն առանց դանդաղեցնելու մտել է» ռուսական պատվիրակության սենյակի հարեւանությամբ գտնվող սենյակ: