Գերմանիան եւ Սաուդյան Արաբիան համաձայնել են հաղթահարել դիվանագիտական սկանդալը, որի արդյունքում Ռիադը հետ էր կանչել Բեռլինից իր դեսպանին եւ պատժել երկրում գործող գերմանական ընկերություններին, հաղորդում է Reuters-ը:

Սկանդալը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերին, Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Զիգմար Գաբրիելի՝ Եմենում պատերազմի կապակցությամբ մեկնաբանությունների պատճառով: Լարվածությունը խորացրեց նաեւ Սաուդյան Արաբիային գերմանական զենքի արտահանման մորատորիումը:

Գերմանիայի նոր արտգործնախարար Հայկո Մաասը մի քանի ամիս աշխատում էր ճգնաժամը լուծելու ուղղությամբ: Այս ամսվա սկզբին Բեռլինը Սաուդյան Արաբիային չորս հրետանու համակարգերի մատակարարման մասին պայմանագիր էր կնքել, ինչը, ըստ պաշտոնական անձանց, արագացրեց մերձեցումը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Սաուդյան Արաբիի գործընկեր Ադել ալ Ջուբեյրի հետ զրույցում Մաասը նշել է, որ անկեղծորեն զղջում է «թյուրիմացությունների» համար, որոնք խաթարեցին  երկրների միջեւ «ուժեղ եւ ռազմավարական կապերը»: «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի թագավորության հետ ավելի սերտ համագործակցենք, քան առաջ», - ասել է նա:

Սաուդյան նախարարը ողջունել է Մաասի հայտարարությունը եւ կապերը ակտիվացնելու համար նրան հրավիրել թագավորություն,: Նա Բեռլինի եւ Ռիադի միջեւ «բոլոր ոլորտներում սերտ համագործակցության նոր փուլի» մասին է հայտարարել:

Պաշտոնական անձինք Reuters-ին հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը շուտով կվերադառնա Բեռլին: Մի քանի շաբաթ ուշացումից հետո Գերմանիայի նոր դեսպան Յորգ Ռանաուն այժմ իր հավատարմագրերը կստանա:

«Գորդյան հանգույցը քանդվեց», - ասել է Գերմանիայի առեւտրի եւ արդյունաբերության պալատի ներկայացուցիչ Ֆոլկեր Տրեյերը, ով գտնվում է Ռիադում: «Դիվանագիտությունը հաղթեց», - ասել է նա: «Յուրաքանչյուրը, ում մենք այստեղ  հանդիպեցինք, հստակ հասկացրեցին որ ուզում են նորից աշխատել մեզ հետ»: