«Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես 2008թ. մարտի 1-ի ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարներին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւ Հաագայի դատարան»։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին կայացած հանրահավաքում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելել, որ «եթե Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին թվում է, թե իրենք մարտի 1-ը մարսելու են, ապա նրանք չարաչար սխալվում են»։
Բազմահազարանոց հանրահավաքում անդրադառնալով ժողովրդավարության եւ օրինականության խնդիրներին, Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրանք շատ ավելի ողբալի վիճակում են, քան տնտեսությունը: « Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որոշել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդդիմություն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տեռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում»,- արձանագրել է առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւս շարունակում են մնալ բանտերում։ «Պատճառներից մեկը Սերժ Սարգսյանի քինախնդրությունն է, իշխանություն բանեցնելուց ու ցավ պատճառելուց ստացած հաճույքը, մեծահոգի գործ կատարելու անընդունակությունը, եթե կուզեք՝ սադիզմը»,- ազդարարել է առաջին նախագահը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ մյուս ցավոտ, բայց չլուծված խնդիրը մնում է մարտի 1-ի լիակատար բացահայտումը եւ նրա բուն պատասխանատուների նկատմամբ արդարադատության իրականացումը։ «Պատրանքներ չպետք է փայփայել. հակառակ հասարակական պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին, ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվելու եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նկատելով, որ սպանությունների համար իշխանությունները դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի, բայց որ «Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկածում»։



















