Վաշինգթոնի քաղաքականությունը, հիմնված պատժամիջոցների եւ արգելքների վրա, Իրանի հարցում չի գործի։ այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տեղեկացնում է Express-ը։

«Ես կարծում եմ՝ մենք պետք է այս ճգնաժամի կառավարման երկարաժամկետ ռազմավարություն մշակենք։ Քաղաքականությունը չի կարող հանգել միայն պատժամիջոցների եւ արգելքների սահմանմանը։ Մենք պետք է նոր բանակցությունների տեղ թողնենք»,- նշել է Մակրոնը՝ պաշտպանելով իրանական միջուկային համաձայնագիրը։ Նա նաեւ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրելով՝ կողմերը ճիշտ ուղու վրա էին։

«2015 թվականից սկսած՝ համաձայնագրի կողմերի ճանապարհները բաժանվում են։ Բայց մենք դեռ այստեղ ենք։ Մենք ընդհանուր նպատակ ունենք՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ եւ երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ օգտագործման միջազգային հսկողությունը։ Այդ համաձայնագիրն անթերի չէ, բայց այն հստակ քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Մակրոնը եւ հավելել, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ Թեհրանը շարունակում է կատարել իր միջուկային պարտավորությունները։