Երեւանում սեպտեմբերի 26-ին նշվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,․ Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, եւ այլ հյուրեր։

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունն ասաց, որ 2018-ը կարեւոր տարի է հայ-չինական հարաբերությունների զարգացման համար։ «Մեր երկրների միջեւ քաղաքական փոխհարաբերություններն անընդհատ ամրապնդվում են։ Առաջընթաց է ապրում եւ ամրապնդվում է առեւտրատնտեսական ոլորտի համագործակցությունը»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին առեւտրաշրջանառությունը աճել է 44,6 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դեսպանը նաեւ հավելեց, որ Երեւանում հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը նշանակալի իրադարձություն է երկկողմ համագործակցության պատմության մեջ։

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցության հետեւողական զարգացմանը։ Նա ընդգծեց, որ գործնականում համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում։

Փոխվարչապետի խոսքերով՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը եւ նրա շրջանակներում համագործակցության հնարավորությունը մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար։ «Մենք պատրաստ ենք ակտիվ ջանքեր գործադրել մեր բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը ապահովելու համար»,- նշեց նա։