Եվրոպոլը հայտնել է Լեհաստանում բելգիական օրդերով հետախուզվողի ձերբակալման մասին, որը ծագումով Հայաստանից է, նրան վերագրվում է Օստենդե ծովափնյա հանգստավայրում մի քանի դրվագ բռնաբարության եւ հարձակումների մեղադրանք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Բելգիայի կողմից հետախուզվող սերիական բռնարարը Լեհաստանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվողների համաեվրոպական ցուցակի շնորհիվ»,– նշված է ԵՄ ոստիկանական գործակալության հաղորդագրության մեջ։
Ծագումով Հայաստանից հետախուզվողի ձերբակալությունը տեղի է ունեցել լեհական Շչեցին քաղաքում։ Հաղորդագրության համաձայն՝ նա 2015 թվականին Բրյուգեի դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Օստենդեում 2011 եւ 2012 թվականներին մի քանի կանանց բռնաբարության, զենքի կիրառման սպառնալիքով եւ այլ հարձակումների համար։
«Նա արտասահման էր փախել եւ նրա գտնվելու վայրն անհայտ էր մինչեւ անցյալ շաբաթ»,– հայտնել է Եվրոպոլը։ Կալանավորելիս 30–ամյա չարագործի մոտից առգրավվել են ռումինական, բելգիական եւ հունական կեղծ փաստաթղթեր։ Բելգիայի իշխանություններն արդեն նրա արտահանձնման հարցում են կատարել։




























