Համայնքների խոշորացումից հետո Եղեգիս գյուղի բնակիչները սկսեցին պայքարել այնտեղ ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգի հետ, որը մարդկանց կյանքը մղձավանջի էր վերածել: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆերմեր Տիգրան Եղոյանը:

Նրա խոսքով, համայնքի ներկայիս ղեկավարը նախկինում ՀՀԿ անդամ էր եւ ներկայացնում էր այդ քրեաօլիգարխիկ համակարգի շահերը, որում ներառված են մի շարք հայտնի հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ եւ նույնիսկ գեներալներ:

«Օրինակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը շահագրգռված էր սեփական  հիդրոէլեկտրակայանի խթանման գործում եւ ամեն կերպ աջակցում էր Եղեգիս համայնքի ղեկավարին», - ասաց Եղոյանը:

Իսկ գեներալ Հովիկ Օհանյանը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, փաստացի, յուրացրել են Արատես գյուղը: Սակայն, ըստ ֆերմերի, համայնքի բնակիչները կարողացել են «ազատագրել» գյուղը եւ ցանկանում են այն բնակեցնել:

 Տիգրան Եղոյանը նկատեց, որ իրեն մեղադրում են շահադիտական նպատակներ հետապնդելու մեջ: «Իբր ես այս ամենը կազմակերպել եմ, որ իմ անասուններին տեղափոխեմ այնտեղ: Սակայն այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Ես նման նպատակներ չունեմ», - վստահեցրեց նա:

Ֆերմերը դժգոհեց նաեւ, որ համայնքի բնակիչներին, փաստացի, առանց ջրի են թողել, քանի որ մոտակա նույնանուն գետից ջուրը օգտագործվում է մասնավոր ՀԷԿ-երի շահագործման համար: Այս առնչությամբ նրանք ստիպված են եղել ոստիկանություն դիմել:

Ֆերմերը ընդգծեց, որ պատրաստ են շարունակել իրենց պայքարը եւ ակնկալում են Հայաստանի ներկայիս իշխանությունների աջակցությունը, թեեւ վերջին շրջանում որոշ չափով հիասթափվել են նրանց գործունակությունից: