Երեւանի N5 երթուղու վարորդներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին բողոքի ցույց էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց։

Նրանք բողոքում են, որ N203 «Էջմիածին–Երեւան–Էջմիածին» երթուղու տրանսպորտային միջոցները գործում են փոխադրման պայմանների խախտումներով։ «Նրանք ուղեւորներին հասցնում են մինչեւ «Շրջանային», չնայած դա արգելվում է, քանի որ Արմավիրի մարզից եկող տրանսպորտների վերջին կանգառը «Կիլիկիա» ավտոկայան է»,–պարզաբանեց բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։

Վարորդները հայտնել են, որ իրենց առաջ օրվա պլան են դնում, եւ մինչեւ վերջին պահն իրենց հաջողվել է այդ պլանը կատարել։ Սակայն հիմա անբարեխիղճ մրցակցության պատճառով այս խնդիրը դժվարացել է։ Այդ պատճառով նրանք ստիպված են պահանջել կամ մրցակցության կարգավորում, կամ հասույթի կրճատում։

Վարորդներին հաջողվեց հանդիպել Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ։ Նրա հետ վարորդների հանդիպումը մոտ 10 րոպե տեւեց։ Վարորդները հայտնեցին, որ իրենց խոստացել են երեկոյան պատասխան տալ։ Նրանք խոստացան սպասել եւ մինչեւ այդ ժամանակը ոչ մի բողոքի ցույց չանել։ Միաժամանակ վարորդները հայտնեցին՝ եթե այդ հարցը չլուծվի, ապա կսպասեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերադարձին  եւ կգնան կառավարության շենքի մոտ։

Լրագրողների հետ զրույցում Նավասարդյանը պարզաբանել է, որ այդ խնդիրը կլուծվի, սակայն խոսել օրվա պլանի իջեցման մասին վաղ է։  Պաշտոնյան նշեց նաեւ, որ 203 համարի երթուղին սակագինն ավելացրել է, ինչը եւս լուրջ խախտում է համարվում։