ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երեւան քաղաքի 14-ամյա բնակիչ Հովհաննես Սարկիսյանը, որտեղ վերջինս հայտնել է, որ թիվ 106 դպրոցի մոտ ծանոթ անձն իրեն դանակով հարվածել է:
Փաստի առթիվ 26.09.2018թ. ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածի «Նանսենի» անվան այգու տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 21.01.2004 թ. ծնված անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով հարվածել է կրծքավանդակի հատվածին՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով հասակակից Հովհաննես Սարկիսյանին:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի հանգամանքները: 26.09.2018 թվականին առերեւության հանցագործություն կատարած անձը ներկայացել է ոստիկանություն: Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է առերեւույթ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:




























