Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մեկնարկել է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» միջազգային համաժողովը, որն իրականացվում է ERASMUS+BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագրի շրջանակում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին ERASMUS-ի ծրագրերը Հայաստանում մեծ արդյունավետություն են ունեցել՝ հատկապես փոխադարձ շփումների, կապերի հաստատման, ինչպես նաեւ ՀՀ  եւ օտարերկրյա բուհերի միջեւ համագործակցության նոր հեռանկարների բացման տեսանկյունից:

«Սակայն երբեմն այդ համագործակցությունից ակնկալվել է ավելին, քան իրականում եղել է: Այս համատեքստում շատ կարեւոր է, որպեսզի ERASMUS-ի ծրագրերը չվերածվեն, այսպես կոչված, ակադեմիական տուրիզմի, այլ դրանց արդյունքները մուլտիպլիկացիոն էֆեկտով փոխանցվեն կոլեգաներին եւ  բոլոր շահագրգիռ կողմերին:

Քանի որ այս տարի 12-ամյա կրթության անցման հետ կապված տեղացի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, այն կարող էր հնարավորության նոր պատուհան բացել մեր բուհերի համար: Այսինքն վերջիններս ճգնաժամային պայմաններում կարող էին հաղթահարման ուղիներ փնտրել, որոնցից մեկը հենց բուհի միջազգայնացման գործընթացն է՝ օտարերկյա ուսանողների ներգրավման տեսանկյունից:

Ցավոք, մեր բուհերը դեռեւս չեն ձեւավորել իրենց ինքնությունը, այդ թվում նաեւ  իրենց ուսանողների մեջ, երբ այդ նույն ուսանողը, իրեն հպարտ կզգա որպես տվյալ հաստատության շրջանավարտ  եւ տարբեր միջոցներով կօգնի իր բուհին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: