Խաչատրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ, մեկուսարանում հանդիպել են իրենց մոր հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովին:

Նրա խոսքով՝ վերջերս աղջիկների մայրը քննիչից հանդիպելու թույլտվություն է ստացել: Նա աղջիկներից յուրաքանչյուրի հետ առանձին է հանդիպել է, նրանք զրուցել են, մայրը նրանց իրեր եւ սննդամթերք է փոխանցել։ Հանդիպումները տեւել են մոտ կես ժամ։ Հասարակական դիտորդական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ աղջիները ծանր են վերապրում մորից բաժանված լինելը։ «Նրանք պատմել են, որ երբ հայրը մորը տանից վռնդել է՝ հաշվեհարդարի սպառնալիքով, դուստրերին արգելել է նրա հետ շփվել։ Նրանք շատ հազվադեպ են հանդիպել՝ ծածուկ կամ իրար գաղտնի են զանգահարել, քանի որ հայրը հսկում էր նրանց հեռախոսները»,– պատմել է Մելնիկովը։

Մոսկվայի Բասմանի դատարանը հինգշաբթի կքննի Խաչատրյան քույրերի խափանման միջոցը ավելի մեղմով փոխարինելու քննիչի միջնորդությունը։ Քննչական կոմիտեն խնդրում է աղջիկներին ազատել մինչեւ դեկտեմբերի 28–ը ժամկետով որոշակի գործողությունների արգելման ձեւով նոր խափանման միջոցով։

Մելնիկովի կարծիքով՝ սա քննիչի տրամաբանական գործողություն է, քանի որ աղջիկները հանրությանը վտանգ չեն ներկայացնում եւ իրենց գործողություններով չեն կարող ազդել քննության վրա։ «Ես նրանց հետ զրուցել եմ, նրանք հաստատապես չեն պատրաստվում օրենքը խախտել, եւ բացարձակապես ճիշտ է, որ նրանք ոչ թե քննչական մեկուսարանում գտնվեն, այլ տանը եւ կկարողանան, օրինակ, ուսումը լիարժեք շարունակել»,– ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը։

Որոշակի գործողությունների արգելման ձեւով խափանման միջոցը Քրեադատավարական օրենսգրքի մեջ է մտել 2018 թվականի ապրիլին։ Այն նման է տնային կալանքին, քանի որ ներառում է մի շարք նման սահմանափակումներ եւ արգելքներ, որոնք մեղադրյալի համար սահմանվում են դատարանի հայեցողությամբ, սակայն, միեւնույն է, ավելի մեղմ խափանման միջոց են համարվում։

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը հայտնաբերվել էր ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 27-ին, Ալտուֆեւսկոյե խճուղու բազմաբնակարան շենքի շքամուտքում։ Նա կրծքավանդակի եւ պարանոցի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ էր ստացել: Հաջորդ օրը ձերբակալվել էին նրա 3 դուստրերը: 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան եւ նրանց 17-ամյա կրտսեր քույրը, որը սովորում է 11-րդ դասարանում: ՔԿ-ն նրանց դեմ ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով քրեական գործ է հարուցել: