«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը գրավոր նամակով դիմել է ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հորդորելով նրանց մինչեւ գործող 6-րդ գումարման ՀՀ Ազգային Ժողովի լուծարումը, շտապ ընդունել մեր պետականության արդի քաղաքական կառուցվածքի վերաբերյալ այնպիսի սահմանադիր օրենքներ, որոնցով հնարավոր կլինի հասնել ավտորիտարիզմի ապամոնտաժմանը եւ բացառել ավտորիտարիզմի նորաոճ տեսակի երակարաձգմանը:

Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կարդացել է պատգամավորներին ուղղված նամակը։

«Այս տարի կլուծարենք խորհրդարանը, բայց ակնկալում ենք, որ այդ խորհրդարանը, լինելով նաեւ մերը, կընդունի մեր ազգի համար նպաստավոր օրենքներ»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։

Նա ընդգծել է, որ դիմում–նամակը ուղղված է ԱԺ 105 պատգամավորներին՝ հատկապես ՀՀԿ խմբակցության անդամներին։

«Հայ ազգը թմբիրից դուրս է եկել եւ դիրքավորվել քաղաքական խրամատներում, ԱԺ շուտով լուծարվելու է։ 2018 թ ապրիլի 17–ին չէիք կարող պատկերացնել, որ ավարտվելու է Սերժ Սարգսյան–ՀՀԿ համատեղ կյանքը։

2015 թ կեղծված Սահմանադրական հանրաքվեից հետո 2017 թ ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառքների, ճնշումների եւ այլ բիրտ միջոցների գործադրմամբ ձեռք բերեցիք պատգամավորի մանդատ։

Այս որակի քաղաքական կառուցվածք ձեւավորելով՝ ի դեմս գերլիազորություններով օժտված վարչապետի, չգիտակցեցիք, որ ձեզ ականապատել եք, իսկ 2018 թ ապրիլի 23–ից հետո տեսնելով ականները, չդիմեցիք քաղաքական սակրավորներին, չքանդեցիք հայկական Բաստիլը՝ ԿԿԲ բանտը եւ չբացեցիք ԿԿԲ–ի արխիվները, չընդունեցիք քաղաքական մենաշնորհների, լյուստրացիայի մասին օրենքներ, Արցախի վիճելի կարգավիճակը օրենքի ուժով չվերցրեցիք, մեր պետության պաշտպանական ռազմական  հայեցակարգը չփոխարինեցիք կանխարգելիչ ազատագրական հայեցակարգով։

Չգիտակցեցիք, որ Արցախի ազատագրված սուրբ հողը սակարկության առարկա չէ, բռնապետական քաղաքական վերնախավի համար Արցախի հողերի հանձնման պարտադրանքը այն կետն է, որին բախվելիս չի կարող դիմակայել ոչ մի բռնապետ։ Այսպես էր 1997 թ դեկտեմբերին, ինչը հանգեցրեց 1998 թ Լեւոն Տեր–Պետրոսյանի հրաժարականին, ով փոխանցեց իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին։ Այդպես էր 2016–ին, երբ Սերժ Սարգսյանը պայմանավորվել էր պատերազմով հանձնել հողերը, ինչը կասեցրեցին մեր ազգային զինված ուժերը։ Եւ հասան այս տարվա ապրիլի 23–ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, փոխանցելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։

Հարգելի պատգամավորներ, հանուն ապագա նոր սահմանադրական կարգի, մինչեւ ԱԺ լուծարումը պայքարի եւ դիմադրության միջոցով դուք էլ միացեք ժողովրդի արդար ցասումին, ընդունեք պահանջվող օրենքները, հիշեք, 100 տարի առաջ առանց կռվի հանձնվել է մեր հինավուրց Կարսը, որը մինչեւ օրս մնում է գերեվարված։

Խնդրանքս է, շտապ նախաձեռնեք եւ ընդունեք անհրաժեշտ օրենքներ , որոնց միջոցով ԱԺ–ն ոչ թե կընկնի, այլ կլուծարվի, կվերականգնի իր իսկական առաքելությունը, եւ կնպաստի գերեվարված Կարսի ազատագրմանը»,–ասվում է Զարուհի Փոստանջյանի՝ ԱԺ պատգամավորներին ուղղված նամակում։ ։

Փոստանջյանը ֆեյսբության ուղիղ եթերում ընդգծել է. «Թեպետ մեր պատգամավորները ներկայացրել են բռնապետական համակարգը, նրանք էլ մեր հայրենակիցներն են»։