Նախորդ տարվա համեմատ մոտ 4 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պաճառված վնասի վերականգնման ցուցանիշը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Շիրակի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ բաց դաս-քննարկման ժամանակ նշել է ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզի դատախազը ներկայացրել է դատախազության հիմնական լիազորությունները: Առանձին քննարկման առարկա է դարձվել դատախազների գործառույթները քրեական հետապնդման հարուցման, մինչդատական քրեական վարույթի, ինչպես նաեւ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները բողոքարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու ոլորտներում:
Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է մարզում հանցավորության ներկայիս ընդհանուր վիճակին եւ միտումներին: Կոռուպցիայի դեմ տարվող քրեաիրավական պայքարի ընթացիկ արդյունքների մասին խոսելիս նա շեշտել է, որ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում նախորդ տարվա համեմատ մոտ 4 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պաճառված վնասի վերականգնման ցուցանիշը:
Անդրադարձ է կատարվել նաեւ մարզում անչափահասների եւ դեռահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ կատարվող հանցագործությունների նվազեցման անհրաժեշտությանը: Այս առումով մարզի դատախազը կանգ է առել նմանատիպ հանցագործությունները ծնող պատճառների եւ պայմանների, այդ հարցում ուսհաստատությունների կանխարգելիչ դեակատարության վրա: Ներկայացվել են անչափահասների հետ կապված քրեական գործերով հատուկ վարույթներ կիրառելու, դատախազական ներգործության միջոցներ գործադրելու ընթացակարգերն ու պայմանները: Այդ համատեքստում Կ. Գաբրիելյանը կարեւորել է ոստիկանության, մարզպետարանի հետ մարզի դատախազության համագործակցությունը, ինչը էական դեր է ունեցել անչափահասների կողմից հանցագործության դեպքերի նվազման համար:
Բաց դասի ընթացքում մարզի դատախազը պատասխանել է ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից հնչած տարաբնույթ, այդ թվում նաեւ քրեական հետապնդում սկսելու եւ դադարեցնելու, հանցագործություն կատարած անձանց պատժի կրման պայմանների, պատժից վաղաժամկետ պայմանական ազատման հիմքերին վերաբերող հարցերի:
Ուսանողները հետաքրքրվել են հատկապես դատախազական համակարգում աշխատելու հնարավորություններով: Ներկայացնելով դրա համար նախատեսված կառուցակարգերը եւ շեշտելով, որ համակարգը միշտ պատրաստ է ընդունել պարկեշտ, բանիմաց, գիտակ եւ պրոֆեսիոնալ կարողությունները մշտապես զարգացնելուն պատրաստ երիտասարդ կադրերով՝ Կ. Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել ուսանողների մասնագիտական պրակտիկան մարզի դատախազությունում անցկացնելու հարցում համագործակցել ՇՊՀ-ի հետ:
Ընդառաջելով բուհի ղեկավարության ցանկությանը եւ կարեւորելով ուսանողների բավարար իրավական գիտելիքների ձեռքբերման, քաղաքացիական իրավագիտակցության ձեւավորման անհրաժեշտությունը՝ նա խոստացել է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները եւ գտնել հնարավորություն համալսարանի իրավագիտության բաժնում դասախոսություններով հանդես գալու համար:




























