Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն չներկայացրին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 28–ին Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել իր պաշտպանյալի համար անձնական երաշխավորություն ներկայացնել, ինչի համար դատարանը կողմին ժամանակ տրամադրեց։ Նախքան դատական նիստի մեկնարկը՝ դատարան ժամանեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը կարճ ժամանակ անց հեռացավ նիստերի դահլիճից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորներն անձնական երաշխավորություն չեն ներկայացնի։
Փոխարենն Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդեց փոխել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Պաշտպանը, որպես գրավի չափ առաջարկեց մեկ մլն դրամը։
Վարդանյանի մյուս պաշտպան Սիրուշ Աղվանյանն էլ հաստատեց՝ բացակայում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը։
Ըստ նրա՝ կալանքի տակ գտնվելու երեք տարիների ընթացքում նվազել է Վարդանյանի կողմից քննությունից թաքնվելու վտանգը։
«Իմ պաշտպանյալն այլեւս չի կարող ազդել գործով վկաների վրա, չի կարող թաքնվել, քանի որ անձնագիրը գտնվում է դատարանի վերահսկողության տակ»,– ասաց նա։
Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն ամբաստանյալին հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում նա բազմիցս խախտել է դատավարության կարգը։ Դատավորը հերաքրքրվեց՝ արդյոք մնալով ազատության մեջ Վարդանյանը դատական նիստերին պատշաճ վարքագիծ կդրսեւորի՞, ինչին ի պատասխան՝ Վարդանյանը նշեց՝ այո։
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը, սակայն, առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ Վարդանյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռ չեն վերացել՝ հաշվի առնելով նրա կատարած հանձագործության հանրային վտանգավորությության աստիճանը, կազմակերպչական գործողությունների բնույթը։ Ըստ նրա՝ այլընտրանքային խափանման միջոց գրավն ի զորու չէ ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։
Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ Վարդանյանի խափանաման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի մեկին։
Նշենք, որ վերջին երեք ամիսների ընթացքում այս գործով կալանքից ազատվել են շուրջ մեկ տասնյակ ամբաստանյալներ՝ այդ թվում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:




























