«Բարգավաճ Հայաստան կուսակցության» լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից ԿԸՀ ներկայացրած դիմումի քննարկումը կշարունակվի վաղը՝ սեպտեմբերի 29–ին։

ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդը» սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել եւ հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։

Հանձնաժողովի նիստում քննարկումը տեւեց շուրջ 2 ժամ։ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ, ասուլիսին մասնակցած Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ դա քարոզչություն չի եղել, պարզապես տեղեկատվություն են իրենք տրամադրել։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշեց նիստը շարունակել վաղը ժամը 15։00–ին, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան ի մի բերել ելույթները։