Եթե լրատվամիջոցները չեն ցանկանում ենթարկվել Բաղրամյան 26-ից թելադրված կանոններին, ուրեմն չեն ենթարկվում, իսկ ովքեր ենթարկվում են, ուրեմն ի սկզբանե ցանկանում էին դա. Եթե չես ուզում ենթարկվել, քեզ չեն կարող ստիպել անել դա: Այդ մասին «ԶԼՄ-ներ. Ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը հայտարարել է ԳԱԼԱ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կարինե Հարությունյանը:

Քննարկման այլ մասնակից` epress.am լրատվական կայքի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանի կարծիքով, չնայած նրան, որ մարդիկ իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվության համար դիմում են վեբ-կայքերին, վաղ է ասել, թե ինտերնետը կարող է փոխարինել հեռուստաալիքներին, քանի որ դեռ կան խնդիրներ, ինչպիսիք են ինտերնետի ցածր արագությունն ու բարձր գները: «Աղքատ երկրում անկախ լրատվամիջոցների ինստիտուտ չի կարող լինել: Պետք է երկար ճանապարհ անցնել` հեռուստատեսությանն ամբողջությամբ դուրս մղելու համար: Այսօրվա դրությամբ փորձեր են արվում վերահսկել վեբ-կայքերը այնպես, ինչպես հեռուստաալիքները: Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ»,- նկատել է Մելիքբեկյանը:

«Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանն էլ կարծիք է հայտնել, որ ի տարբերություն հեռուստաալիքների, որոնք լիովին վերահսկվում են, տպագիր մամուլում որոշակի բազմազանություն կա: «Թերթերը կախված չեն ընթերցողից, թեեւ իրականում պետք է կախված լինեին: Կա գումար` տպում ենք, չկա՝ չենք տպում: Քանի դեռ չկա կախվածություն ընթերցողից, չի կարող լինել ազատ մամուլ: Աղքատ երկրում անկախ լրատվամիջոցների ինստիտուտ չի կարող լինել, քանի որ այսօրվա դրությամբ լրատվամիջոցները բիզնես են»,- ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ հեռուստաալիքների վարկանիշն ընկել է, քանի որ կորցրել են վստահության ռեսուրսը: