ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտել է 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի հավանական հավակնորդների թվի մեջ՝ այս տարվա հունիսին Սինգապուրում անցկացրած հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ պատմական հանդիպման շնորհիվ: Այդ բանակցությունները կարող են դառնալ Կորեական թերակղզու միջուկային զինաթափման գործընթացի սկիզբը, հայտնում է Reuters-ը:
2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհրապարակվի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 5-ին կայանալիք մամուլի ասուլիսում: 1,4 մլն դոլարի պարգեւը դափնեկրին կհանձնվի հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
Հավանական հավակնորդների ցուցակում 300-ից ավելի թեկնածու կա, սակայն Reuters-ը հայտնում է, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կմտնի short list-ի մեջ: Այնտեղ կարող են հայտնվել նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Թեկնածուների վերջնական short list-ը առայժմ չի հրապարակվել:




























