ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված 49-ամյա Գագիկ Դանոյանին, ով կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված հարձակում կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դանոյանն այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված կալանավորումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված եւ զինված երեք անձ ներխուժել էին Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել. գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված է եղել ինքնաձիգով։ Հայր եւ որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսն անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաեւ սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։
Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։




























