Ամերիկյան ռազմանավը լողացել է Հարավչինական ծովի այն կղզիների մոտակայքում, որոնք Չինաստանն իրենն է համարում՝ գրում է Reuters-ը։

Պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, տեղեկացրել է, որ ականակիր «Դեկատուր» նավը 12 ծովային մղոն է անցել Սպարտլի կղզիների կողքով։

Միացյալ Նահանգները նախկինում քննադատել էին Չինաստանին այս տարածաշրջանում ռազմական օբյեկտներ կառուցելու համար՝ անհանգստություն հայտնելով, թե դրանք կարող են օգտագործվել ծովում ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։

«Մենք պարբերաբար նավիգացիոն գործողություններ ենք կատարում։ Մենք դա արել ենք նախկինում եւ կշարունակենք անել ապագայում»,- հայտարարել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ակնհայտ է, որ երկու խոշոր տնտեսություններ ունեցող երկրների միջեւ հակամարտությունը դուրս է գալիս առեւտրային շրջանակներից։