Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան փողոցի բնակիչ, 57-ամյա Արամ Պետրոսյանն իր վարած Skoda մակնիշի 889 OC 61 համարանիշի մեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Ռադիոկայմի» հարեւանությամբ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը հայտնել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան վթարային իավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի եւ գրանցված է «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: