Ընտրական օրենսգրքի հայեցակարգն արդեն պատրաստ է եւ կհրապարակվի այսօր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություների նախագիծը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս շաբաթվա վերջում:

Իոաննիսյանը դժվարացավ ասել, թե երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողով. «Երբ հրապարակվի, հանրային քննարկումներ կսկսենք, եւ չի բացառվում, որ զուգահեռաբար քննարկումներ լինեն նաեւ խորհրդարանում»:

Անդրադառնալով ԸՕ փոփոխությունների բովանդակությանը, Իոաննիսյանն ասաց, որ նոր նախագծում, մասնավորապես, ամրագրվում է փակ համամասնական համակարգ,  վերացվում է խորհրդարանում կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը (ներկայումս այն կարող է կազմել մինչեւ 3 ուժերի միջեւ), Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների դեպքում դուրս է գալիս ՏԻՄ բոնուսային համակարգը: Նրա խոսքով, Ազգային ժողովի դեպքում բոնուսային համակարգը չի կարող դուրս գալ, որովհետեւ դա սահմանադրական նորմ է: Խոսքը այն մասին, էր որ եթե որեւէ ուժ ստանում է 50 տոկոսից ավելի, բայց 54 տոկոսից պակաս, ապա նրան տրվում է բունոս, որպեսզի նրան հասանելիք քվեների թիվը հասնի 54 տոկոսի:

Փոխարենը չի ներառվել ՀՅԴ առաջարկը, ըստ որի ԱԺ-ում 40 տոկոսը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները (ներկայումս այդ ցուցանիշը նվազագույնը 33 տոկոս է):

Ընտրական ցուցակները եւս նոր օրենսգրքով կմաքրվեն: Մասնավորապես, ըստ Իոաննիսյանի, ընտրողների ցուցակից դուրս կբերվեն այն անձանց անունները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Նա տեղեկացրեց, որ խոսքը մոտավորապես 100-160 հազար մարդկանց մասին է: Իոաննիսյանի խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններում վավերականության ժամկետը մեկ տարի կամ ավելի ժամանակ առաջ լրացած անձնագրով քվեարկության ընդամենը 370 դեպք է գրանցվել: «Մենք լայն իրազեկում կանցկացնենք, բայց եթե ընտրության օրը ընտրական տեղամաս կգան անձինք, որոնք ընտրողների ցուցակում չեն լինի, իրենք կարող են գնալ ոստիկանության անձնագրային բաժին եւ ստանալ համապատասխան տեղեկանք ու մասնակցել ընտրության»,-ասաց նա: