Մեր տեսակետները ծայրահեղ տարբեր չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նախօրեին կայացած հանդիպմանը։
«Ես զարմացա, որ վարչապետը հանդիպման վերջում ՀՀԿ-ին վերագրեց մինչեւ 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի: Առանձին պատգամավորներ՝ ես Շարմազանովը, Մելիքյանը, գուցե այլ մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնել, բայց երեկվա հանդիպման համատեքստում մեզ նման որոշում վերագրել չի կարելի»,-ասաց Աշոտյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենց տեսակետները տարբեր չեն, Աշոտյանն արձագանքեց. «Երբ ասում եմ, որ տեսակետները ծայրահեղ տարբեր չեն, շեշտում եմ այն, որ քաղաքական գործընթացները վերջնանպատակ ունեն հասարակության, պետության, մարդկանց սոցիալական, տնտեսական, քաղաքական շահերի համադրումը: Այլ բան է, որ տարբեր ուժեր այդ շահերը համադրում են սեփական շահերի հետ, բայց ի վերջո, նպատակը նույնն է»:




























