Դաշնակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սակայն դեմ է դրանց անհապաղ անցկացմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կան քայլեր, որոնք պետք է իրականացնել՝ ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ոստիկանության վերափոխանցում կառավարությանը, որովհետեւ այն ունենալու է կոնկրետ միջամտություն ընտրությունների ժամանակ եւ երրորդը՝ տալ հնարավորություն, որ մարդիկ նոր օրենսգրքին ու նոր պայմաններին ծանոթանան ու համակերպվեն:
«Եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենան նոյեմբեր-դեկտեմբերին, ապա դա կլինի ոչ թե ընտրություն, այլ մեխանիկական քվեարկություն: Կարեւոր են բոլոր այն քայլերը, որոնց համար պետք է ունենանք բավարար ժամանակ: Իսկ եթե տեսնում են, որ դա ժամանակ է պահանջում եւ դեկտեմբերից առաջ է անցնում, այդ ժամանակ ծագում է իրենց առաջարկը, որ քաղաքական կամքը բավարար է, ընտրական օրենսգրքի վրա կարելի է ուշադրություն չդարձնել: Սա էլ նոր վերսիա է: Բա մինչեւ հիմա ինչի՞ էիք Ընտրական օրենսգրքի վրա էսքան չարչարվում, հղկում, մշակում: Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի հետ ի՞նչ գործ ունենք, օրենքներն ի՞նչ կապ ունեն: Քաղաքական կամքը հերիք է, ցանկացած օրենք էլ կաշխատի»,-ընդգծեց Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, որ եթե իշխանությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագ անցկացնելու համար երկու պատճառ է բերում՝ Երեւանի ավագանու ընտրությունները որպես հանրաքվե եւ ներդրումների անհրաժեշտությունը, նշանակում է ոչ մեկն առանձին վերցրած լիարժեք չէ:
Նրա խոսքով, մեկ տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն:




























