Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի վարորդական իրավունքը վերադարձնելու պահանջի մերժումը։ Մինչ այդ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Մայիսին դատարանը մերժել էր օրինազանց աղջկա վարորդական իրավունքը վերադարձնելու պահանջը։ Մառա Բաղդասարյանը հայց էր ներկայացրել դատարան՝ բացատրելով, թե արարքը, որն ինքը կատարել էր, եւ որը վարորդական իրավունքից զրկվելու պատճառ էր դարձել, կապված է եղել իր առողջական վիճակի հետ։ Այնուամենայնիվ, հայցը չէր բավարարվել։

Ավելի վաղ Մոսկվայի Սեւելովյան դատարանը Մառա Բաղդասարյանին անժամկետ զրկել էր վարորդական իրավունքից։ Այս հայցը ներկայացրել էր դատախազությունը՝ համարելով, որ նա չի կարող տրանսպորտային միջոց վարել բժշկական հակացուցումների պատճառով։ Դատական նիստում ներկայացվել էր փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքը, ըստ որի Բաղդասարյանի մոտ էպիլեպսիա է հայտնաբերվել։