Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ` փետրվարի 9-ին 0:1 հաշվով պարտություն է կրել Իրանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպմանը:
«Մենք վատ խաղացինք, եւ նման ֆուտբոլով անելիք չունենք Եվրոպայի առաջնությանը, նույնիսկ Հայաստանում ոչնչի վրա հույս դնել չենք կարող»,- խաղից հետո հայտարարել է Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավինը:
«Երեւանում հարկավոր է բոլորովին այլ խաղ ցուցադրել: Իմ կարծիքով` այսօր դա մեզանից յուրաքանչյուրը հասկացավ»:
Դիտարկմանը, որ Հայաստանն էլ Վրաստանին է պարտվել ընկերական հանդիպմանը, Արշավինը պատասխանել է. «Աբու Դաբիում տեղի ունեցած խաղից հետո անպատեհ կհնչի, բայց Ռուսաստանի հավաքականը ամենեւին էլ Հայաստանի հավաքականին չպիտի հավասարվի: Բնականաբար, Երեւանում դժվար խաղ կլինի, բոլորը դա հրաշալի հասկանում են, բայց եթե մենք վերադարձնենք մեր խաղը, ամեն ինչ մեր ձեռքում կլինի: Մենք պարտավոր ենք դա անել»:




























