Անցումային արդարադատությունն առաջարկում է երեք բաղադրիչ՝ մեղքի արձանագրում, ներման խնդրանք, ներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Որովհետեւ մարդիկ չեն կարող բոլորին ներել եւ թույլ տալ իրենց տները գնալ առանց մեղքի գիտակցման ու ներման մասին խնդրանքի: Այս առումով անչափ կարեւոր է երկրորդ կողմի մասնակցությունը»,- հայտարարեց Միրզոյանը: Նա, միաժամանակ, նշեց, որ պատգամավորները եւս պետք է գիտակցեն, որ «տուն գնալու» ժամանակն է (Միրզոյանը նկատի ունի արտահերթ ընտրությունների անցկացումը) եւ չխոչընդոտեն Հայաստանի ապագայի ճանապարհին, որը ժողովուրդն է ընտրել: «Իսկ մարդիկ պետք է ներելուն պատրաստ լինեն»,- հավելեց Միրզոյանը:
Պատասխանելով անցումային արդարադատության կիրառման ժամկետների մասին հարցին՝ Միրզոյանը նշեց, որ շտապել չարժի: Խոսքը լրջագույն գործընթացի մասին է: Ամեն ինչ պետք է կշռադատել: Ժամկետներ չկան»,- հայտնեց նա՝ հավելելով, որ սա բարիկադի տարբեր կողմերում հայտնված կողմերի հաշտեցման գործիքակազմ է: Այդ թվում՝ տնտեսական հանցագործությունների եւ ընտրությունների կեղծումների պատճառով: «Այսինքն՝ գործընթացին չպետք է հակադրվել, այլ ողջունել»,- կարծում է առաջին փոխվարչապետը: Նա նշեց, որ չի կարելի տասնյակ հազարավոր մարդկանց ազատությունից զրկել ընտրություններում կեղծումների կամ կաշառք բաժանելու կամ վերցնելու պատճառով: «Այդպիսին էին խաղի կանոնները: Մենք չենք կարող հազարավոր մարդկանց ազատությունից զրկել: Հակառակը՝ անհրաժեշտ է հասկանալ, որ այստեղ գլխավոր արձանագրումն այն է, որ այդպիսի բան այլեւս երբեք չի կրկնվի»,- շեշտեց Միրզոյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ Հայաստանում իրադրությունը տարբերվում է այն երկրներից, որտեղ կիրառվել է անցումային արդարադատությունը: «Բարեբախտաբար, մենք այն երկրների թվում չենք, որտեղ, ինչպես պատմությունից գիտեք, ավելի լուրջ խնդիրներ են եղել: Այնպես որ, մոտեցումները եւս պետք է տարբերվեն»,- հավելեց Միրզոյանը:




























