Ամերիկյան «Watertown Daily Times» թերթն անդրադարձել է հայազգի ամուսիններ Սարգիս եւ Ալիս Բալուկջյանների սիրո պատմությանը, որոնք վերջերս տոնեցին իրենց ամուսնության 70-րդ տարելիցը:
Սարգիսն ու Ալիսը հանդիպել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Սարգիս Բալուկջյանը ծառայում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում բանակի ճարտարագետների ստորաբաժնում: Նրանք նամակագրական կապի մեջ էին այն բանից հետո, ինչ Սարգիսը վերադարձավ Մասենա եւ ստացավ Պոտսդամի Քլարքսոնի համալսարանի իր գիտական աստիճանը:
Ալիսը եւ Սարգիսը ամուսնացան Լիոնի հայկական եկեղեցում` 1948 թվականի սեպտեմբերի 14-ին:
Ամուսնանալուց հետո զույգը հաստատվեց Նյու Յորք նահանգի Մասենա քաղաքում, որտեղ Սարգիսն օգնում էր հորը վարել ընտանեկան բիզնեսը` քիմմաքրման կետը, իսկ ավելի ուշ դարձավ դրա սեփականատերը:
Բալուկջյանները Սուրբ Հովհաննես եպիսկոպոսական եկեղեցու անդամ են: Սարգիսը 30 տարի երգել է եկեղեցու երգչախմբում:
Երջանիկ զույգն ունի 4 երեխա, երկու թոռ եւ 4 ծոռ:




























