Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը փետրվարի 9-ին հանդիպել է Խորհրդարանի «Ռումինիա-Հայաստան» բարեկամական խմբի հետ եւ ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ խմբի կազմի մեջ ընդգրկված են ռումինական խորհրդարանի երկու պալատների հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող սենատորներ եւ պատգամավորներ: Բարեկամական խմբի նախագահն է պատգամավոր Միհայ Լուպուն (Mihai Lupu):
Դեսպանը ռումին խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները տարածաշրջանային եւ եվրոպական լայն համատեքստում, երկրի զարգացման ուղղությունները եւ հեռանկարները, ինչպես նաեւ տեղեկություններ տվել հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, օրակարգային հարցերի եւ նախատեսվող ծրագրերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում առանձին ուշադրություն է հրավիրվել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա, ինչը կարող է, օրենսդրական ոլորտում խորհրդակցությունների եւ փորձի փոխանակմանը զուգահեռ, իր նպաստը բերել տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը: Որպես այդպիսիք նշվել են ապակենտրոնացված մակարդակով կապերի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը, կրթական եւ առողջապահական ոլորտները, տուրիզմը եւ տեղական արտադրության խրախուսումը:
Ռումին խորհրդարանականները պատրաստակամությամբ արձագանքել են առաջարկներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել տարվա ընթացքում երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխշփումներ հաստատելու ուղղությամբ:





























