Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով տիկին Տեմբոնին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ հետևողականորեն զարգանում է կառուցողական և դրական մթնոլորտում:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը գոհունակությամբ խոսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման ու դրա կապակցությամբ երկրում տիրող տոնական մթնոլորտի մասին:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է, իսկ ծրագրերի ամենակարևոր շահառուն հայ ժողովուրդն է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ, քննարկել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության շարունակական համագործակցության հիմնական ուղղությունները:
Մերսի Տեմբոնը և Մհեր Գրիգորյանն անդրադարձել են նաև «2019-2022թթ. Երկրի գործընկերության շրջանակ» համատեղ մշակվող փաստաթղթին, որը երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացման և ընդլայնման առումով:



























