Գործարար Սամվել Մայրապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործում քաղաքական ենթատեքստ չկա։ Այս մասին քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Մեղադրանքի վերաբերյալ պաշտպանը հրաժարվեց որեւէ բան հայտնել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։ Պաշտպանը հայտնեց միայն, որ Սամվել Մայրապետյանին Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել հեռախոսազանգով, իսկ ներկայանալուց հետո հարցաքննվել է որպես կասկածյալ եւ կազմվել է ձերբակալման արձանագրություն։
Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է Մայրապետյանի խափանման միջոցի հարցը։ Քննիչը միջնորդել է կալանավորել գործարարին։ Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել քրեական գործի մասին։
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։




























