Գազայի հատվածում թերսնման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները մնում են չափազանց փխրուն և կարող են ի չիք դառնալ պաղեստինյան անկլավ ապրանքների մատակարարումների խափանումների պատճառով։ Դրա մասին ուրբաթ հայտարարել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ կոչ անելով ապահովել բոլոր սահմանային անցակետերի բացումը։
Չորեքշաբթի Իսրայելը հայտնել էր, որ առևտրային ապրանքներն այլևս չեն մուտք գործում Գազա։
Ժնևում լրագրողների հետ զրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ռիկարդո Պիրեսն ընդգծել է, որ ինչպես առևտրային ապրանքների, այնպես էլ մարդասիրական օգնության մատակարարումները պետք է մնան անխափան և կանխատեսելի։
«Երեխաներն, ակնհայտ է, կզգան հետևանքները, եթե այս իրավիճակը չկարգավորվի,- ասել է նա։- Մենք չենք կարող վերադառնալ այն իրավիճակին, երբ երեխաներն ու ընտանիքները չեն ստանում իրենց անհրաժեշտ բոլոր ապրանքները, սնունդն ու ծառայությունները»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ, նշվում է, որ հոկտեմբերից գործող հրադադարը հնարավորություն է տվել մեծացնել մարդասիրական օգնության և առևտրային մատակարարումների ծավալները, սակայն սուր թերսնման վտանգը պահպանվում է։
Ըստ փաստաթղթի՝ անցյալ տարվա օգոստոսին պարենային անվտանգության մոնիթորինգի միջազգային համակարգի հաղորդած սովի վտանգի նվազեցմանը հաջողվել է հասնել պարենային և սննդային աջակցության ծրագրերի ընդլայնման, սննդամթերքի և մասնագիտացված սննդային ապրանքների ներմուծման սահմանափակումների թուլացման, ինչպես նաև հրադադարի շնորհիվ։
Սակայն ձեռք բերված արդյունքները դեռևս փխրուն են:
«Սուր թերսնման ցուցանիշները նվազել են, սակայն ներկայում երկու տարեկանից փոքր յուրաքանչյուր երրորդ երեխան միայն ստանում է սնունդ, որը համապատասխանում է սննդակարգի բազմազանության նվազագույն պահանջներին»,- ասվում է զեկույցում։
Բացի դրանից, հունիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ի անցկացրած հետազոտությունը բացահայտել է խրոնիկական թերսնման զգալի տարածվածություն. դրանից տուժում է հինգ տարեկանից փոքր յուրաքանչյուր ութերորդ երեխան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը միաժամանակ կոչ է արել բարելավել կյանքի պայմանները գրեթե ամբողջությամբ ավերված Գազայի հատվածում։ Կազմակերպության տվյալներով՝ շուրջ 800 հազար երեխա շարունակում է մնալ տեղահանված, իսկ բնակիչների մեծամասնությունը ձմռան նախաշեմին ապրում է վրաններում կամ ոչ անվտանգ շինություններում։
Կազմակերպությունում ընդգծում են, որ անկլավի կայուն վերականգնման համար անհրաժեշտ է բնակչությանը ապահովել հուսալի կացարանով և հիմնական ծառայություններով։





























