Գերմանիան հաջորդ շաբաթ կհայտարարի ամերիկյան չիպարտադրող Nvidia-ի հետ համագործակցության համաձայնագրի մասին, որը միտված է գերմանական արդյունաբերությունում արհեստական բանականության կիրառման ընդլայնմանը։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են կառավարության աղբյուրները։
Նրանց խոսքով՝ նախաձեռնությունը կներառի ոչ միայն Nvidia-ին, այլև այլ գործընկերների և կդառնա կարևոր քայլ արդյունաբերական արհեստական բանականության զարգացման գործում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Handelsblatt գործարար թերթը, համաձայնագիրը նախատեսում է ֆիզիկական ԱԲ տեխնոլոգիաների աջակցություն, որոնք օգտագործվում են ռոբոտների և անօդաչու ավտոմեքենաների ուսուցման համար, ինչպես նաև աջակցություն արդյունաբերական կիրառման համար հզոր արհեստական բանականության մոդելների մշակմանը։





























