Ամերիկացի ռեսթլեր Մոնտեզ Ֆորդը դարձել է Իլինոյսից անվտանգության աշխատակցի հայցով պատասխանող, որը պնդում է, թե մարզիկը Netflix-ում Monday Night Raw շոուի հեռարձակման ժամանակ իր առաջ կատարել է սադրիչ, սեքսուալ բնույթի պար։ Հայցվորը Ֆորդին և WWE ընկերությանը մեղադրում է հարձակման, ծեծի, միտումնավոր էմոցիոնալ տառապանք պատճառելու և այլ իրավախախտումների մեջ։
Ինչպես հայտնում է New York Post-ը, հայցը ներկայացրել է Նոել Լուկասը՝ Քուք շրջանի շերիֆի վարչության աշխատակիցը, որը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ ապահովում էր միջոցառման անվտանգությունը։
Լուկասի պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Իլինոյս նահանգի Ռոուզմոնտ քաղաքի Allstate Arena-ում, երբ Ֆորդը և նրա Street Profits թիմակից Անջելո Դոքինզը հեռուստատեսային մենամարտից առաջ դուրս էին գալիս ռինգ։
Հայցվորը պնդում է, որ Ֆորդը, որի իրական անունը Քենեթ Քրոուֆորդ է, առանց նախազգուշացման և իր համաձայնության մոտեցել է իրեն, որից հետո սկսել է պարել բացահայտ սեքսուալացված կերպով։
«Այնուհետև պատասխանող Քրոուֆորդը սկսեց հենց հայցվորի դիմաց և նրա վրա կատարել սադրիչ, սեքսուալ բնույթի պար՝ բազմիցս կոնքերի և ազդրերի շարժումներ անելով դեպի հայցվորը՝ փաստացի կատարելով սեքսուալացված «ծնկների վրա պար»», — ասվում է Քուք շրջանի շրջանային դատարան ներկայացված հայցում։
Լուկասի խոսքով՝ պարի շարունակության ընթացքում ռեսթլերն ավելի ու ավելի էր մոտենում, իսկ նրա ձախ ազդրի ներքին մակերեսը բազմիցս դիպչում էր անվտանգության աշխատակցի ոտքին։
Հայցը ներառում է մեղադրանքի 14 կետ, այդ թվում՝ Իլինոյս նահանգի գենդերային բռնության մասին օրենքի ենթադրյալ խախտումներ։
Համացանցում տարածված սիրողական տեսագրություններում երևում է, թե ինչպես է Ֆորդը եռանդուն կերպով շարժում կոնքերը և պարում անվտանգության աշխատակցի կողքին։ Ըստ կադրերի՝ Լուկասը շփոթված տեսք ունի. սկզբում նա երես է թեքում, սակայն հետո ժպտում է։
Լուկասը պնդում է, որ միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հավաքել հարյուր հազարավոր դիտումներ, այդ թվում՝ WWE-ի և հենց Ֆորդի էջերում։
Հայցվորի խոսքով՝ հետևանքները չեն սահմանափակվել համացանցային քննարկումներով։ Հաջորդ օրը, երբ նա վերադարձել է իր հիմնական աշխատանքին դատարանի շենքում, այցելուները նրան ճանաչել են տեսանյութից և ծաղրել՝ կրկնելով այն շարժումները, որոնք, ինչպես պնդվում է, ցուցադրել էր ռեսթլերը։
Լուկասը նաև հայտարարել է, որ այդ տեսագրությունների պատճառով իր երեխաները դպրոցում նույնպես ենթարկվել են ծաղրանքի։
Հայցվորը պնդում է, որ ապրել է նվաստացում, ամոթ և էմոցիոնալ տառապանք և շարունակում է դրանք զգալ, քանի որ տեսանյութը մնում է հասանելի համացանցում։
Բացի այդ, նա Ֆորդին և WWE-ին մեղադրում է իր պատկերը առանց թույլտվության կոմերցիոն նպատակներով օգտագործելու մեջ՝ հղում անելով Իլինոյս նահանգի հրապարակայնության իրավունքի մասին օրենքին։
Լուկասը պահանջում է դրամական փոխհատուցում, որի չափը չի հստակեցվում, տուգանային վնասների հատուցում, դատական ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև դատարանի արգելք՝ իր անձը առանց համաձայնության հետագայում օգտագործելու նկատմամբ։




























