իբանանից հայտնի բիզնեսմեն Էդվարդ Աունը հայկական կոնյակ շատ է խմել, սակայն մինչեւ օրս չի հասկացել դրա արժեքն ու «նշանակությունը»։ NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հայկական կոնյակը, իր կարծիքով, աշխարհում լավագույններից է եւ գերազանցում է անգամ ֆրանսիականին։
Էդվարդ Աունը Հայաստան է եկել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումի մյուս մասնակիցների հետ միասին նա սեպտեմբերի 9-ին այցելել է «Արարատ» կոնյակի գործարան եւ «Հայկական գինի» գինու գործարան։ Հյուրերին ներկայացրել են Հայաստանում կոնյակի եւ գինու արտադրության պատմությունը, պատմել են, այս խմիչքների հետ կապված, տեղական ավանդույթների մասին, եւ իհարկե, կազմակերպել են համտես։
«Արարատ» գործարանում հյուրերին առաջարկել են 3-ամյա եւ 10-ամյա կոնյակներ, որպեսզի նրանք կարողանան զգալ տարբերությունը, հասկանան, թե 7 տարին ինչպես կարող է փոխել խմիչքը։ Էդվարդ Աունին, ինչպես եւ պետք էր սպասել, ավելի շատ դուր է եկել 10-ամյա կոնյակը։
«Այն այնքան լավն էր, փափուկ՝ կարծես ոչինչ չէինք խմել։ Լավագույն կոնյակներից (կամ բրենդի, եթե կուզեք) մեկն աշխարհում։ Այն երեւի իմ երբեւէ փորձած խմիչքների մեծ մասից լավն էր, նույնիսկ՝ ֆրանսիականից»,- խոստովանեց Աունը։
Էդվարդ Աունի խոսքերով՝ ինքը Հայաստան է եկել հայկական ընկերությունների հետ հեռանկարային համագործակցության տրամադրվածությամբ։ Նրան առաջին հերթին հետաքրքրում են գինեգործության, թանկարժեք զարդերի եւ ՏՏ ոլորտները։ Տեղական ընկերությունների հետ դեռեւս պայմանագրեր կամ համաձայնագրեր չեն կնքվել, բայց Աունը վստահ է՝ ամեն ինչ դեռ առջեւում է։




























