Բնականաբար, այս հարցը քննարկվում է, եւ դա գաղտնիք չէ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը ՀՀԿ որոշ անդամների աջակցելու մասին հարցին։
Միաժամանակ, նա նշեց, որ ՀՀԿ-ն այդ հարցի քննարկման համար նիստ չի հրավիրել։ «Համարում եմ, որ մեր գործընկերների հայտարարությունները ՀՀԿ-ի լուծարման վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները կյանքի կոչելու փորձ էին։ Դա ի սկզբանե շատ վտանգավոր հայտարարություն էր, որ մի քանի օր առաջ արել էր Նիկոլ Փաշինյանը։ Այդ հայտարարությունների հետեւում ես չեմ տեսնում ժողովրդավարական վարչապետի եւ երկրի ղեկավարի, որը պատրաստ է բոլորի վարչապետը լինելու՝ անտեսելով քաղաքական տարաձայնությունները»,- պարզաբանեց Աշոտյանը։
Նա նաեւ նշեց, որ ծանոթացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի եւ Փաշինյանի ստորագրած հռչակագրին՝ ընդգծելով, որ իրենք հարգում են այդ կուսակցության որոշումներն ու քաղաքական հայացքները։ Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության որոշմանը, Աշոտյանն ասաց, որ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ։
«Մենք պատրաստ ենք ընդունել իրենց ցանկացած որոշումը եւս, ինչպես մեր այն գործընկերներինը, որոնք հանդիսանում են ՀՀԿ խմբակցության անդամներ, սակայն այսօր հայտարարել են նոր դիրքորոշման մասին։ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է իր քաղաքական հայացքներին։ Մենք ասում ենք «այո» արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ասում ենք «ոչ» այն ընտրություններին, որոնց անցկացման հարցում շտապողականություն է դրսեւորվելու»,- ասաց պատգամավորը։




























