Եգիպտական ոստիկանությունը կալանավորել է երկրի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կրտսեր որդուն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Աբդուլլա Մուրսին կալանավորվել է «սուտ տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով։ Սա կապված է նախորդ շաբաթ Associated Press գործակալությանը տված նրա հարցազրույցի հետ, որի հիմնական թեման հոր ձերբակալությունն էր։

Հարցազրույցում Աբդուլլան ասել էր, որ նախկին նախագահի առողջությունը վատացել էր բանտի պայմաններից, եւ որ ընտանիքին հազվադեպ էին թույլ տալիս այցելել նրան։

Աբդուլլայի եղբայրը՝ Ահմեդը, Reuters-ին տեղեկացրել է, որ ոստիկանները եղբորը կալանավորման թույլտվությունը ցույց չեն տվել՝ հայտարարելով, թե մտադիր են նրան հարցաքննել։