Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն Անթալիայում անցկացված Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային ֆորումում իր ելույթին ի պատասխան ելույթ չեն ունեցել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նման տեղեկատվությունն անվանեց թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների անհաջող ինտրիգ։
«Եթե նրանք ինչ-որ բան էլ ասել են, ապա դա ասվել է իմ բացակայությամբ։ Ես երկու անգամ դուրս եմ եկել դահլիճից՝ Հունգարիայի (որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք) ներկայացուցչի ելույթի ժամանակ եւ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (բռնագրավման դեմ բողոք) ներկայացուցչի ելույթի ժամանակ։ Իմ ելույթից հետո, որում ես խոսեցի Հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության մասին, ո՛չ Բինալ Յիլդիրիմը (Թուրքիայի խորհրդարանի խոսնակ), ո՛չ Օգտայ Ասադովը (Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ) ելույթ չեն ունեցել։ Ավելին, Ռուսաստանի կամ Բելառուսի մեր գործընկերներից ոչ մեկն, օրինակ, մեզ չասաց, որ նման ելույթ է եղել։ Հնարավոր է՝ նրանք հանդիպել եւ միմյանց հետ զրուցել են, բայց դա արդեն բամբասանք է, ոչ թե՝ քաղաքական ելույթ»,- նշեց Շարմազանովը։
Նա ասաց, որ սկզբում հանդես էին գալիս խորհրդարանների խոսնակները, հետո՝ փոխխոսնակները։ «Յիլդիրիմն ու Ասադովը ելույթ ունեցել են։ Իր ելույթում Յիլդիրիմը միայն մեկ նախադասությամբ հիշատակեց, որ Հայաստանը «գրավել է ադրբեջանական հողերը»։ Հետո հետեւեց իմ ելույթը, որով ես երկուսին էլ պատասխանեցի։ Դրանից հետո ես մոտ երկու ժամ դահլիճում էի, եւ նրանցից ոչ մեկն ինձ չպատասխանեց, կրկին ձայն չխնդրեց։ Թե ինչ է տեղի ունեցել նրանից հետո, երբ ես դուրս եմ եկել այն պատճառներով, որ արդեն նշեցի, չգիտեմ։ Եթե Ասադովին կամ Յիլդիրիմին երկու ժամ է հարկավոր եղել պատասխան մտածելու համար, որ հետո թիկունքում ինչ-որ բան ասեն, ապա դա առնվազն արժանապատիվ չէ»։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յիլդիրիմը Հայաստանին կոչ է արել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ հրաժարվել Հայոց ցեղասպանության հետ կապված «պահանջներից»։




























