Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր քարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանում բոլորը հետաքրքրված են «հակամարտության խաղաղ կարգավորմամբ»։
«Երկիր այցի ընթացքում մենք ընդգծեցինք վերջին ժամանակներս հակամարտության լուծման գործընթացում ձեռքբերված առաջընթացը, այդ թվում՝ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաեւ՝ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է Քենթը։
Քենթը հավելել է, որ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման գործում իր պարտավորություններին։
«Այս ամսվա ընթացքում, երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Կցանկանայի նշել, որ զինվորականների շփման գծում լարվածության մակարդակը նվազել է։ Կողմերին կոչ ենք անում շարունակել առաջընթացն այս ուղությամբ»,- ասել է նա։




























