Իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ունենալ ներքաղաքական պատճառներով եւ իմ ֆրանսերեն սովորելու դիպլոմը կարողացա ունենալ միջազգային քաղաքական պատճառներով։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 10–ին՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավանում՝ ֆրանսերենի կիրառմանը նվիրված միջոցառմանը։

«Շատ ուրախ եմ, որ իմ ֆրանսերեն սովորելու գործընթացը այդքան մեծ ուշադրություն է գրավում, դա շատ մեծ պատասխանատվություն է ինձ համար, հույս ունեմ, որ ՀՀ–ում մարդիկ մի քանի օտար լեզուներ, նաեւ ֆրանսերեն կսովորեն»,–ասաց վարչապետ Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան։

Ավանը տեղակայված է Ազատության հրապարակում։ Այնտեղ մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնակից-երկրների մշակույթը, արվեստը, կրթությունը, տնտեսությունը։