ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, խոսել է Մարդու իրավունքների մոնիթորինգի շուրջ զեկույցի մասին:

Ֆարմանյանի խոսքով՝  զեկույցի նպատակն է առավելագույնի հասցնել Մարդու իրավունքների հարցում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմների ազդեցությունն ու արդյունավետությունը:

«Մարդու իրավունքները համամարդկային են իրենց տեսակով, և չպետք է լինի մի երկիր կամ տարածք, անկախ իր քաղաքական կարգավիճակից, որտեղ մարդու իրավունքները հասանելի չլինեն մոնիթորինգի համար»,- ասել է Ֆարմանյանը։

«Խոստումնալից է, որ վեհաժողովը ողջունում է այսպես կոչված՝ «գորշ գոտիների» պատրաստակամությունը՝ համագործակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի և Մարդու իրավունքների մոնիթորինգ իրականացնող այլ կառույցների հետ, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների առավել լավ պաշտպանության ապահովմանը հակամարտության գոտիներում: Դա վերաբերում է նաև դեռևս միջազգային ճանաչում չունեցող Լեռնային Ղարաբաղին»,- ասել է Ֆարմանյանը:

Ֆարմանյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է հիմնաքար դառնալ հակամարտությունների քաղաքական կարգավորման համար