Ֆուեգո հրաբուխը, որի ժայթքումը Գվատեմալայում հունիսին 160 մարդու կյանք տարավ, կրկին ակտիվացել է։ Այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, մետեորոլոգիայի եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Վաղ առավոտից հրաբխի խառնարանում պայթյուններ են գրանցվել , մոխրի ամպը տարածվել է 15 կմ արեւմտյան եւ հարավարեւմտյան ուղղությամբ, առաջացել է լավայի 600 մ երկարությամբ հոսք»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայությունը նույնպես Twitter-ում հայտնել է, որ հրաբխի ակտիվացման մոնիտորինգ է արվում։ Ժայթքման սպառնալիքի հետ կապված՝ մայրուղու մի մասը փակվել է հասարակական օգտագործման համար։ Բացի այդ, ինստիտուտի աշխատակիցները հայտարարում են, որ բնակիչներն անընդհատ հետեւեն պաշտոնական հաղորդագրություններին։

Ֆուեգո հրաբխի խոշոր ժայթքում էր տեղի ունեցել այս տարվա հունիսի 3-ին։ Ողբերգությունն առնչվել էր 16,6 մլն բնակչությունից 1,7 միլիոնին։ Վերջին տվյալներով՝ հրաբխի ժայթքման զոհ էր դարձել ավելի քան 160 մարդ։