Եթե թուրքական կողմը շարունակի նույն ոգով նախապայմաններ առաջ քաշել եւ հայտարարել, թե առանց ղարաբաղյան հակամարտության լուծման սահմանը չի բացվի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին չի մեկնի Թուրքիա՝ ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կառավարող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Նախագահը հստակ ասել է, թե երբ կմեկնի, երբ չի մեկնի: Նրա մոտեցումը սկզբունքային է եւ հստակ»,- նշեց նա:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե «Թուրքիան, փորձելով կապել հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները, կարող է ձախողել թե մեկը, թե մյուսը», ՀՀԿ մամուլի քարտողարը նշեց. «Արտգործնախարարի հայտարարությունը շատ տրամաբանական է, քանի որ հայկական կողմը մշտապես, նաեւ նախագահի մակարդակով, ասել է, որ հայ-թուրքական գործընթացը չի կարելի ուղղակիորեն կապել ղարաբաղյան կարգավորման հետ: Եւ երբ մենք ասում ենք, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, դա խոսում է մի բանի մասին, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը չի կարող կապվել որեւէ այլ գործընթացի հետ, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման:
Եւ ցանկացած նման փորձ հակասում է նախաստորագրված արձանագրությունների ոգուն»:
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երեկ արած հայտարարությանը, թե «սահմանը չի բացվելու առանց ղարաբաղյան հարցի կարգավորման», եւ նշեց. «Մեզ համար անթույլատրելի է նախապայմներով հարաբերությունների հաստատումը: Հայաստանի համար ցանկացած վերջնագիր անընդունելի է: Դա մենք հստակ ասել ենք: Եւ եթե նա վերջնագիր ունի ներկայացնելու, թող դա ներկայացնի իր փոքր եղբայրներին՝ ադրբեջանցիներին, եւ բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»




























